«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Միայն Դո՛ւք կարող եք անել, պարոն նախագահ, այս գործը

Միայն Դո՛ւք կարող եք անել, պարոն նախագահ, այս գործը
05.12.2008 | 00:00

(բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին)
ՀՈՒՅՍԸ ՎԵՐՋԻՆՆ Է ՄԵՌՆՈՒՄ
Հետապնդվելով` հաղթել ենք մեզ հետապնդողներին, հալածված լինելով` հաղթահարել ենք հալածողներին, շղթայված լինելով` դարձի ենք բերում մեզ շղթայողներին։
Սուրբ Հովհան Ոսկեբերան
2003 թ. օգոստոսի 1-ին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, «ներում» շնորհելով 42 մահվան դատապարտվածներին, չգիտես ինչու, ընտրեց ադրբեջանական տարբերակը։
Հետխորհրդային շրջանում նախկին հանրապետություններից Ադրբեջանն առաջինն էր, որ մահվան դատապարտվածների դատավճիռները փոխարինեց դանդաղ մահվան, իմա` ցմահ ազատազրկման։ Մյուս հանրապետություններում և հատկապես քրիստոնյա Վրաստանում և Ռուսաստանում այդ խնդիրները լուծվեցին ավելի մարդասիրական, տրամաբանական ճանապարհով և գործող օրենքների շրջանակներում։ Ոչ մի նախկին մահվան դատապարտված ամբողջ ԱՊՀ-ի տարածքում չբողոքեց։ Բողոքեցին միայն Ադրբեջանում ու Հայաստանում։ Այսօր ԱՊՀ-ում և, առհասարակ, մահապատիժը վերացրած քաղաքակիրթ երկրներից և ոչ մեկում գոյություն չունի նման խնդիր, բացառությամբ իսլամից շեղված Ադրբեջանի և աղանդավորների կրունկների տակ կքած քրիստոնյա Հայաստանի։
Համաշխարհային պատմության մեջ ժողովրդավարության, հավասարության, բարեպաշտության հնագույն արժեքներ ունեցող ու տարածող, առաջինը քրիստոնեություն ընդունած ու նրա ոգեղեն հավատքով առաջնորդված ազգի «առաջնորդը» ոչ միայն օրենսդրական, այլև բարոյական իրավունք չուներ ստորագրելու մի այնպիսի «ներման» փաստաթուղթ, որը հավասար լիներ Ադրբեջանի մենթալիտետին։ Ինչո՞ւ։ Այն պարզ պատճառով, որ հայը, ի տարբերություն մոնղոլ թաթարի, ունի խիղճ, ու տառապանք պատճառելուց հետո ինքն էլ է տառապում։ Հետևաբար, ազգային արժեք է կոչվում իր նմանին տառապանք չպատճառելու և այլոց տառապանքը մեղմելու միտումը։ Իսկ ազգի ղեկավարները, առավել ևս` երկրի նախագահը, պահապանն է այդ բոլոր արժեքների։ Նրա պաշտոնն է` լուռ հսկել ազգի զավակներին ու թույլ չտալ, որպեսզի որևէ քաղաքացի ազգային արժեքներից շեղում արձանագրի կամ շեղվելուց հետո խուսափի եթե ոչ անպայման օրենքի առաջ, այլ գոնե հասարակական կարծիքի առաջ պատասխան տալուց։ Քահանան Թորիկին ասում էր. «Համայնքը կը մերժի»։ Այդպես էլ նախագահը պետք է ունենա ազգի խառնվածքի շատ խորունկ, գրեթե ներհայեցողական ըմբռնում։
Եթե հայն այսօր ապրում է ինքնության ճգնաժամ, պատճառն այն է, որ քաջություն ունի ընդունելու, որ արժեքների ու առաջնահերթությունների, ազգային նպատակների ու գործելաոճի որդեգրման-կողմնորոշման խնդիր ունի։ Եվրոպայից փորձում ենք վերցնել այն լավը, որ մեզ անհրաժեշտ է ու մերժում ենք վերցնել մեր ազգի ինքնությանն անհարիրը։
ՈՒստի, երբ առկա էր նախկին մահվան դատապարտվածների պատիժները ոչ թե ցմահ ազատազրկումով փոխարինելու, այլ օրենքով հստակորեն նշված հաջորդ ծանրագույն պատժով, իմա` 15 տարի ազատազրկումով փոխարինելու համաշխարհային ու ԱՊՀ-ի փորձը, անըմբռնելի է, թե ինչպես պարոն Քոչարյանը կարող էր այսքան դաժան ու անարդար լինել մեր նկատմամբ։ Դա հայկական մոտեցում չէր։ Ի վերջո, համարենք, որ պարոն Քոչարյանը սխալվել էր, այդ դեպքում ինչո՞ւ, երբ հազար ու մի հասարակական կազմակերպություններ, օրենքի մասնագետներ, անձամբ իր հետ խոսակցության ձևով կամ մամուլի միջոցով հայտնում էին այդ սխալի մասին, նա շարունակում էր մնալ դաժան, անարդար և, որ ամենացավալին է, ինքնագոհ։ Փաստորեն, Քոչարյանն իրոք համոզված էր, որ ճիշտ է կողմնորոշվել։ Նա իրոք մտածում էր, որ Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Ռուսաստանը, Վրաստանը ղալաթ են արել, ու ճիշտը Ադրբեջանի տարբերակն է... «Դավայ, բոլոր նախկին մահապարտներին` ցմահ, ու ձայները չլսեմ»... Մարտնչող անբարեպաշտության սրանից լավ օրինակ դեռ տեսնված չէ։
Մի կողմից ցույց ենք տալիս, թե Եվրոպայից վերցնում ենք ավելի արդար հասարակարգ կառուցելու փորձված օրենքները, մյուս կողմից, կարծես, մնում ենք ներքուստ համոզված, որ ճիշտը, ամենաճիշտը, բացառիկն ու անառարկելին ադրբեջանական փորձն է։
Նման անել կացությունում ինչպիսի հակազդեցություն պետք է ունենանք մենք` նախկին մահվան դատապարտվածներս։ Ի վերջո, մենք էլ ենք հայ և մաս ենք կազմում այս հասարակության։
Ամենաազգասերների հոգում անգամ տարիների ընթացքում հայկական ոգու նվազում է արձանագրվում` ստիպելով իր ոչ արդար ղեկավարների դեմ պայքարելու համար դիմել եվրոպական դատարաններ։ Օտարի դատին։ Այո, չնչին է մեկ հայի անարդար վարքը, սակայն իր էությամբ նույնն է, ինչ Արշակունի թագավորի դեմ պարթևներին բողոքող եսիմինչունի նախարարի արարքը։ Պատմության մեջ այդպիսիք դավաճան են համարվել։ Այդպես ենք մեր դասագրքերից սովորել։ Սակայն այսօր, երբ դեմ հանդիման կանգնած ենք ազգի ղեկավարի դրսևորած անարդարությանը, արհամարհանքին ու չարամտությանը, մի պահ սկսում ենք կասկածի տակ առնել մեր պատմիչների եզրակացությունները։
Մեզանից շատերը կգերադասեին մահապատժի կիրառումը, քան եվրոպական ատյաններում Հայաստանի կառավարությանը մեղադրողի դերում հայտնվելը։ Սակայն, երբ տանջանքը մեծանում է, երբ ցավը դառնում է անբաժան, ու հատկապես, երբ հանկարծ հայտնաբերում ես, որ թեկուզ մեկ անգամ վիրավորանքի նկատմամբ անտարբեր ես դարձել, ակամա մտածում ես, որ դադարել ես լիարժեք մարդ լինելուց։
Իհարկե, կարելի էր մահվան դատապարտվածների խնդիրը լուծել միջազգային իրավունքի նորմերի սահմաններում։ Կարելի էր լուծել նաև հայկական մենթալիտետին համահունչ, հաշվի առնելով, որ քիչ չեն կոռումպացված դատարանների անարդարացի վճիռները, ուր պատժաչափը որոշվում էր դատավորին տրված կաշառքին համապատասխան։ Քիչ չեն այն մահվան դատապարտվածները, որոնք ընդհանրապես հանցանք չեն գործել, ինչի փայլուն օրինակ կարող է ծառայել մեծ հնչեղություն ձեռք բերած Մատաղիսի գործով արդարացման դատավճիռը։ Կամ` Նոյեմբերյանում հինգ զինծառայողների սպանության համար մեղադրված Արթուր Մկրտչյանի գործը, որի բողոքներին հակառակ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Ջհանգիրյանը հանրային ռադիոյով հայտարարեց. «Եթե ինքը չի, ուրեմն, գիտի, թե ովքեր են, թող ասի»։ Քիչ չեն նաև քաղաքական դրդապատճառներով տասը և ավելի տարիներ հաշվեհարդարի զոհ ու մահապատժի ճիրաններում հայտնված դատապարտյալները` «Արմեն Տեր-Սահակյանի», ՀՅԴ «Դրոյի» ու «Վ. Հովհաննիսյան+30-ի» գործերով և այլն։ Կատարված անարդարությունների, քաղաքական հաշվեհարդարների, կոռուպցիոն երևույթների ցանկը կարելի է շարունակել։ Մինչդեռ ո՞ւմ հայտնի չէ, որ քննչական գործողությունները մեծ մասամբ կատարվել ու դեռ կատարվում են գավառական մակարդակով և ճիզվիտներին հարիր եղանակներով։ Ո՞Ւմ հայտնի չէ, որ առաջադրված կեղծ մեղադրականները հանձն չառնելու դեպքում դուրս կնետվես քննչականի չորրորդ հարկի պատուհանից և դեռ ինքնասպանության մեղադրականով էլ հետմահու կդատապարտվես ցմահ ազատազրկման։ Կամ` ո՞ւմ հայտնի չէ, որ ստիպված կլինես կեղծ մեղադրականներ հանձն առնել, որպեսզի վարչությունների նկուղներից ազատ արձակվեն պետությունդ ներկայացնող խաժամուժի կողմից պատանդ վերցված ծնողներդ, կինդ, երեխաներդ, եղբայրդ, մինչև իսկ գործազուրկ հարևանդ։
Հավանաբար, եկել է պահը մեկ անգամ և ընդմիշտ հասկանալու, որ միշտ նախընտրելի է ավելի արդար լինել, երբ դա հնարավոր է։ Իսկ 40-ի խնդրով ավելի արդար լինելը, իրոք, հնարավոր է` թե՛ օրենքի տեսանկյունից, թե՛ բարոյականության։
Ինչպես ես, այնպես էլ մահվան դատապարտված մյուս դատապարտյալները, վստահ ենք, որ արդարության վերականգնման, դատաիրավական համակարգի բարեփոխման խիստ կարևորության մասին բազմիցս բարձրաձայնած Հայաստանի նորընտիր նախագահը կանդրադառնա նաև ոչ պակաս կարևոր 40 ցմահ դատապարտյալների խնդրին։ Վստահ ենք ու հավատացած` հայ հասարակությունն ու հանրային կարծիքը միայն կօժանդակեն Ձեզ, պարոն նախագահ, քրիստոնեությանն ու հայկական մենթալիտետին վայել խնդրի լուծման ճանապարհին։
Ստեփան ԳՐԻԳՈՐՅԱՆ
Մահապատժի դատապարտված,
01 դեկտեմբերի, 2008 թ.

Դիտվել է՝ 5772

Մեկնաբանություններ